Արդեն 190-րդ օրն է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը.
Արցախը 190 օր գտնվում է տոտալ շրջափակման մեջ:
190 օր է, ինչ Ռուսաստանը չի վերահսկում «Լաչինի միջանցքը», հետևաբար՝ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ միջանցքի վերահսկողության գործառույթը և դրանից բխող միջանցքով ազատ և անվտանգ երթևեկի ապահովումը:
ՌԴ խաղաղապահ նախկին ղեկավար Վոլկովի օրոք ադրբեջանական
հսկիչ-անցագրակետ տեղադրվեց:
Նոր ղեկավար Լենցովի ներկայությամբ և անձամբ նրա «վահան-երաշխավորությամբ» էլ օրեր առաջ Հակաարի կամուրջի սկբնամասում ադրբեջանական դրոշ տեղադրվեց:
Դիտարկելով այն, որ այս ողջ ժամանակահատվածում ՌԴ-ն այդպես էլ ոչինչ չձեռնարկեց ադրբեջանական ապօրինություններն ու քմահաճույքները կանխելու, իսկ եղածը վերացնելու հարցում, կարող ենք կարծել, որ նրանց ևս շահեկան կամ պարզապես միևնույն է այսպիսի իրավիճակը:
Պատճառներ ու պատրվակներ՝ ինչքան ասես:
Թվարկել եմ բազմիցս:
Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը որպես հաջորդ քայլ:
Մի կողմից՝
* հող է նախապատրաստում մնացյալ Արցախի վրա հարձակվելու և այն օկուպացնելու համար:
Մյուս կողմից՝
* արցախահայության գլխի տակ փորձում է փափուկ բարձ դնել՝ համոզելով, որ Ադրբեջանը վճռական է Ղարաբաղում բնակվող հայերին իր քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներում ինտեգրելու հարցում:
Որ Ադրբեջանի սահմանադրությունը, օրենսդրությունը և իրենց կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը դրան հասնելու ամուր հիմք են ապահովում:
Ասել կուզի՝ «վերաինտեգրման» համոզիչ կտեր են ցանում, «բարի փերիի» երգն են երգում, ու այդկերպ թոզ փչում միջազգային հանրության աչքերին:
Ըստ իս, Ադրբեջանը երկրորդ պրոցեսն առայժմ թողել է իներցիոն ընթացքի և այդ հարցում շտապողականություն չի դրսևորում:
Իսկ այդ ժամանակահատվածը նրա համար կլինի որոշիչ, որպեսզի հասկանա, թե հետագա զարցացումներն ինչ ընթացքով, ինչ իրավիճակի կհանգեցնեն:
Այսինքն՝ արցախահայերն անելանելիությունից դրդված կամ կընդունեն իրենց առաջարկած «վերաինտեգրացման» վերջնագիրը կամ նրանք կիրականացնեն առաջին տարբերակը.
սկզբից կհնչեն ռազմական սպառնալիքներ, որին կհետևի ուժի կիրառումը:
Այս երկու տարբերակներից որևէ մեկի, կամ միաժամանակ երկուսի իրագործման ժամկետները կարծում եմ՝ ուղիղ կապված ու կավված են Հայաստանի հետ կնքվելիք «խաղաղության պայմանագրից»:
Երբ այն ստորագրվի, ըստ որի վերջնական կհաստատվի հայ-ադրբեջանական պետական սահմանը, հետևաբար՝ Արցախը ավտոմատ կներառվի Ադրբեջանի մաս ապա այդժամ Ալիևի ձեռքերն ազատ կլինեն իրականացնելու վերը թվարկված տարբերակները:
Որ տարբերակն էլ «աշխատի»՝ լավ է.
հարցը ինքնաբերաբեր լուծվում է:
Հետևաբար՝ նրան պետք է նախ խնդիրներն ի սպառ լուծել Հայաստանի հետ, հետո անցնել Արցախին:
Նրան պետք է, որպեսզի Հայաստանը պաշտոնապես ու վերջնական փաստաթղթով՝ դե յուրե հաստատի, որ Արցախը Ադրբեջան է:
Իսկ դրա անունը «խաղաղության պայմանագիր» է:
Ըստ իս, մինչ տարեվերջ Ալիևը կստիպի Փաշինյանին ստորագրել այն:
Եթե այդ պայմանագրի կյանքի կոչումը նախանշված էր անցած տարեվերջին, բայց այդուհանդերձ այն ժամանակ անհնարին էր, ապա մինչ այս տարեվերջ՝ արդեն իսկ հավանական է:
Հետևություն.
անկախ բոլոր հավանական և ոչ հավանական սցենարների, նախ պետք է Երևանն ու Ստեփանակերտը «քարերը թափեն փեշերից», խելքի գան, տխմար ամբիցիաներից ու հակասություններից իրենց ձերբազատեն ու հասկանան իրենց համատեղ ու սինխրոն անելիքները:
Այլապես ճակատագրական վերջնարդյունքն ապահովված է:
Սակայն դրա համար նախ պետք է, որ թե՛ Երևանում և թե՛ Ստեփանակերտում լինեն իրոք պետականամետ, ազգային օրակարգով շարժվող, պետական շահերը սպասարկող իշխանություններ:
Եթե դա ապահովվում է, ապա ադրբեջանական վերոնշյալ ծրագրերն իրենց ժամկետներով հանդերձ որոշակի չափով խափանվում են:
Այնուհետև համատեղ պահանջով, վերջնականապես հստակեցվում է ՌԴ խաղաղապահների գործառույթներն ու անելիքները:
Նրանց անգործության կամ անկարողության պարագայում, համատեղ պահանջով առաջադրվում է նրանց՝ միջազգային այլ խաղաղապահներով փոխարինելու հարցը:
Իհարկե, նման պահանջի պարագայում ենթադրելի է ռուսական խանդն ու ցայտնոտը:
Այս համատեքստում բազմիցս եմ բացատրել ռուսական սցենարն ու վերջիններիս նպատակները:
ՈՒստի, պետք է դիտարկել ու հաշվարկել ռուսական միջամտությունն ու նեգատիվ ազդեցությունը Երևան-Ստեփանակերտ ալյանսին և նրանց համատեղ օրակարգի ու ծրագրերի իրականացման հարցերում:
Չի բացառվում, որ դիտորդի դեր ստանձնած հետևեն իրենց իսկ կողմից ադրբեջանական «ֆաս» հրամանին:
Նրանք գիտեն, որ բացառապես իրենց է վերապահված կոնֆլիկտի հանգուցալուծման մենաշնորհը:
Էլ չասեմ, որ ինչ-որ տեղ «սնվում» են այս կոնֆլիկտից:
Այսպիսով, անհրաժեշտ է համատեղ օրակարգի հստակեցում:
Եվ հետո.
անգամ «խաղաղության պայմանագիր» ասված լակմուսի թղթի ստորագրումը, իրենից չպետք է ենթադրի Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հանգամանք:
Եթե իհարկե նման փաստաթուղթ ստորագրվի, ապա այն բացառապես պետք է վերաբերվի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին.
այն է՝ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա (չնայած որ դրա կարիքը բնավ չկա, քանզի այս երկրներն իրենց սահմաններով ու տարածքի մակերեսով արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված են ու հաստատված ՄԱԿ-ի կողմից),
իսկ որ խելքին գոնե մոտ է՝ ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակումը:
Փաստաթղթում այլ իրավաքաղաքական հարաբերություններ էլ կարող են ամրագրվել, իսկ հետո, եթե ստացվի՝ կյանքի կոչվել:
Էլ չասեմ, որ ՀՀ-ն, ի դեմս վարչապետի՝ իրավունք էլ չունի Արցախի ու արցախահայության ճակատագիրը որոշող փաստաթուղթ ստորագրել:
Արցախի կարգավիճակի, առավել ևս այն որպես Ադրբեջանի մաս ճանաչելու մասին խոսք անգամ չպետք է լինի այդ փաստաթղթում:
Արցախի կոնֆլիկտը հանգուցալուծված չէ:
Մեր պահանջը պետք է լինի նրա լուծումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեքստում, քանզի նրանց է վերապահված տվյալ կոնֆլիկտի իրավաքաղաքական լուծման մանդատը:
Իսկ այդ մանդատը ոչ-ոք դեռևս չի չեղարկել:
Նույնիսկ նրանք պաշտոնապես չեն հրաժարվել այդ ֆորմատից:
Հետևաբար՝ անկախ Ադրբեջանի քմահաճույքներից, անկախ նրանց՝ այդ կառույցի հանդեպ ունեցած արհամարհանքի ու անտագոնիզմի, միևնույն է, պետք է առերեսել իրականության հետ:
Աներկբա է` այլընտրանք չկա.
տարածաշրջան պետք է ժամանեն համանախագահներն ու զբաղվեն կոնֆլիկտի լուծման իրենց առաքելությամբ:
Ամեն օր հայկական կողմը պարտավոր է դա պահանջել ու բարձրաձայնել:
Սա է այսօրվա հրամայականը:
Սրանք են բանակցելու, բանակցություններում պնդելու թեմաները:
Սրանց վրա պետք է կառուցվեն մեր քաղաքականությունն ու մեր վարքագիծը:
Այլ ոչ թե նստել ու լսել Ադրբեջանի ամենօրյա թարմացվող ու ավելացվող պայմանները, որոնք ի դեպ, շատ դեպքերում բավարարվում են:
Մի կողմ նետե՛ք կապրիզները, խելքի եկե՛ք ու այս սկզբունքներով առաջնորդվե՛ք Երևանի ու Ստեփանակերտի իշխանություններ:
Այս պահին սրանք են ձեր անելիքները:
Մնացածը՝ պատրանքներ, արդարացումներ ու սին պատճառաբանություններ են:
Աստված պահապան Մայր Հայաստանին ու Արցախ աշխարհին:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ